Բարեկենդան

Բարեկենդան

Բարեկենդան բառը ստուգաբանորեն ենթադրվում է «բարի կենդանություն» այսինքն՝ այն խնդրանք է, աղերս և մաղթանք՝ լինելու բարի, առողջ, կենսալից։ Այս տոնը ծնվել է հասարակության կենցաղային կյանքից։ Տոնին հատուկ են ուրախությունն ու խրախճանքը, կերուխումը, հյուրասիրությունները, այցելությունները, երգ ու պարը և այլն։ Տոնը նշվում է փետրվարին, գարնանամուտից առաջ։ Նպատակն է հաղթահարել ձմեռվա դժվարությունները և դիմավորել գարունը։ Տոնական խրախճանքները տևում է երկու շաբաթ։ Հնում Բուն Բարեկենդանի խաղերի ժամանակ կենդանիների  մասնակցություն է նաև եղել՝ ձիերով աղջիկ փախցնոցի, կոխ և այլն։ Սեղաններին եղել են ճոխ՝ յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն։ Բուն բարեկենդանի օրը ընդունված էր երեկոյան խաշած ձու ուտել՝ այսպիսով փակելով խրախճանքը։ Բարեկենդանի առաջին օրերին ընդունված էր պատրաստել գաթա և հալվա։ Բարեկենդանի անբաժան մասն էին կազմում տիկնիկները, հատկապես ՈՒտիս տատը և Պաս պապը կամ Ակլատիզը։ ՈՒտիս տատը համարվում էր բարեկենդանի, այսինքն՝ ճոխ կերակուրների հովանավոր տիկնիկը, և մտցվում էր հրապարակ՝ մարդկանց խրախճանքի հրավիրելու։ Երեկոյան տղաները դուրս էին գալիս ձիարշավի, որն էլ ավարտվում էր ՈՒտիս տատի հրապարակից դուրս վռնդելու արարողությամբ։ ՈՒտիս տատը, որ Բարեկենդանի օրերին բոլորին կերուխումի էր հրավիրում, արդեն քրքրված տիկնիկ էր, և բարեկենդանի վերջին օրը ՈՒտիս տատին հանդիսավոր կերպով գլորում էին սարի գլխից։ Հետո հրապարակ էր մտցվում Պաս պապը, որը Պահքի հովանավոր տիկնիկն էր։ Այս տիկնիկին պատրաստում էին սոխից կամ կարտոֆիլից և մեջը խրում յոթ փետուր և զգեստավորում։ Այն, տանը առաստաղից  կախելիս երգում էին՝

Տատը գնաց շերեփը ձեռքին,

Պապը եկավ չոմբախն ուսին։

Յոթ փետուրները խորհրդանշում էին Մեծ Պահքի յոթ շաբաթը։ Յուրաքանչյուր շաբաթվա վերջում պոկում էին մեկ փետուր։ Հաճախ փետուրը պոկելիս երգում էին՝

Ճիճու, ճիճվարանք՝ դուրս,

Ցորեն, գարին՝ ներս։

Այս խոսքերից հետո փետուրը ջարդում էին և մի կողմ նետում։ Այսպիսով Բարեկենդանի տոնը նշվում էր մեծ շուքով և ոգևորությամբ։ Հետագայում տոնին բնորոշ գծերը փոխանցվել են Նավասարդին և Ամանորին։

 

Զատիկ

Զատիկ 

Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի Հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։ Զատիկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույսի կամ ճրագալույսի պատարագ , որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց  ողջյունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։ Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։ Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս»։

Զատիկը հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հայ հեթանոսական նոր տարում  և պարսկական Նովրուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերահավասարին, ևս ներկվում են հավկիթներ ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում էին թարխունով, աղով և լավաշով։